«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Նամուսով» կանանց ու «թասիբով» տղամարդկանց ընտրություններ

«Նամուսով» կանանց ու «թասիբով» տղամարդկանց ընտրություններ
29.05.2009 | 00:00

ՖԻՆԻՇ
Այսօր պաշտոնապես ավարտվում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որը, ընդդիմության ներկայացուցիչների պնդմամբ, առանձնացավ իշխանական ուժերի որոշակի պասիվությամբ։ Այս «մեղադրանքը» հիմնականում վերագրվում էր հանրապետական կուսակցությանը, սակայն կուսակցության և, ընդհանրապես, ԱԺ-ի ամենատարեց պատգամավոր ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ այդ դիտարկմանն ունի իր գնահատականը. «Քանի որ հանրապետականն ուժեղ է, առանձնապես այս կամ այն կողմ չի ընկնում ու շատ հանդարտ է իր քարոզչությունն իրականացնում»։ Ավելին, իրավագետ Պետրոսյանը կարծում է, որ ընտրություններին մասնակցող իշխանական մյուս կուսակցություններն իրենց քարոզարշավի ժամանակ «օգտագործում էին ՀՀԿ-ի բազան, այսինքն` այն, ինչ մենք ասել ու գործնականում անում ենք, նրանք կրկնում են»։ Սակայն այս հանգամանքը ՀՀԿ-ական պատգամավորը նորմալ ու բնական է համարում, քանի որ «կոալիցիայում առաջատարը ՀՀԿ-ն է, ու մյուս կուսակցություններն էլ նրա հետ նույն ծրագիրն են իրականացնում»։ Այսուհանդերձ, Ռաֆիկ Պետրոսյանն իրենց համար կանխատեսում է ընտրողների 40 տոկոսից ոչ պակաս ձայներ` ևս մեկ անգամ արձանագրելով. «ՀՀԿ-ն վստահ է իր ուժերի վրա, իրեն այս ու այն կողմ չի գցում, ունի փորձ, կոնկրետ Երևանի հետ կապված ծրագրեր, որոնք արդեն իրականացնում է»։
Իշխանության մաս կազմող և ավագանու ընտրություններին մասնակցող ՕԵԿ-ը ևս վստահ է, որ իրենն են լինելու ընտրողների «ջիգյարով» ձայները, քանի որ իրենք առաջնորդվել են միմիայն «բարությամբ, հանդուրժողականությամբ, չսևացնելով այլ քաղաքական ուժերի»։ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, թվարկելով իրենց ցուցակում ընդգրկված անդամների մարդկային ու մասնագիտական բարձր որակները, նշեց. «Մենք ունենք և՛ մրցունակ ծրագիր, և՛ մրցունակ ցուցակ։ Մեր թիմն ակտիվ քարոզարշավ ծավալեց, իր ծրագրերը կարողացավ հասանելի դարձնել հանրությանը»։ Գաղափարական բանավեճեր այս քարոզարշավի ժամանակ տեղի չունեցան, Մարգարյանն այս առնչությամբ վստահաբար պնդեց, որ եթե տարբեր թիմերի հետ բանավեճեր լինեին, իրենք պատրաստ էին, որովհետև «բոլորն էլ գիտեն, թե Հեղինե Բիշարյանը որքան կայացած քաղաքական գործիչ է, մարդ ու զինվոր»։ «Սա աննախադեպ ընտրություն է, և ես բազմաթիվ անգամ կոչ եմ արել երևանցի նամուսով կանանց ու թասիբով տղամարդկանց, որ այս կարևորագույն ընտրություններում ակտիվություն ցուցաբերեն` տեր կանգնելով իրենց նամուսին ու թասիբին։ Լուսավոր ապագա ունենալու համար չպետք է հոգու վստահության քվեն մի քանի գրոշով վաճառել։ Ժողովուրդը պետք է պահանջատեր լինի»,- ընդգծեց պատգամավորը, հավաստիացնելով, որ ՕԵԿ-ի «ձեռքերն ու խիղճը մաքուր են», և «գռել-գռփելու, ալան-թալանի մեջ» չեն կարող նրան մեղադրել։ Ընդհանուր քարոզարշավն էլ գնահատելով` Մարգարյանը շեշտեց, որ այն խաղաղ, հանդարտ ընթացավ, ինչը շատ կարևոր է ու պետք է հաջորդ ընտրությունների համար օրինակ ծառայի։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ քարոզարշավի ընթացքը համարեց հավասարակշիռ` «չհաշված որոշ տհաճ միջադեպեր»։ Խմբակցության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, ԲՀԿ քարոզարշավը գնահատելով, ասաց. «ԲՀԿ-ի քարոզարշավն ամենահավասարակշիռն էր, քարոզչական տեխնոլոգիաների առումով էլ` ամենաճիշտ կազմակերպվածը, այսինքն, մեզ իրապես հաջողվեց ճիշտ և տեղին օգտագործել քարոզչական ողջ արսենալը։ Իսկ մնացածը պարզ կլինի մայիսի 31-ին, թե երևանցին ինչպես կգնահատի առաջարկված ծրագրերն ու համամասնական ցուցակները»։ Տիկին Զոհրաբյանը, անդրադառնալով քարոզարշավի լուսաբանմանը, հարկ համարեց նշել, որ այս անգամ համապետական բոլոր ընտրությունների ֆոնին սա «դրականորեն առանձնացավ», քանի որ լուսաբանումը համեմատաբար անաչառ էր և չեզոք։
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա օրերս ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ, այս քարոզարշավը գնահատելով, նշել էր. «Շատերը չեն գիտակցում, թե ի՞նչ ենք ընտրում, և ի՞նչ խնդիր է լուծվում այս ընտրություններով։ Այդպիսի բանավեճեր չտեսա, մինչդեռ հիմնական բանավեճի առարկան պետք է լիներ քաղաքապետական կառավարման նոր համակարգին անցնելու առավելությունները հանրությանը ներկայացնելը»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2467

Մեկնաբանություններ